Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Դաշտը մնում է կտրիճներին

Դաշտը մնում է կտրիճներին
21.03.2014 | 12:07

Ավարտվեցին նաև Չեմպիոնների լիգայի երկրորդ քառյակը կազմած զույգերի պատասխան խաղերը: Չնայած անակնկալների հնարավորությանը, այդուհանդերձ, դրանք չեղան: Ինչպես և սպասվում էր, մեկ ութերորդ փուլն անցան Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Չելսին» ու «Մանչեստր Յունայթեդը»:

Սեփական հարկի տակ, գիտեք, որ «Գալաթասարայը» 1:1 խաղաց «Չելսիի» հետ: Սուր զգացողությունների սիրահարների համար սա բավականին ադրենալինոտ փաստ-իրողություն էր, սակայն մենք, որ կայունորեն հավատում ենք ժողովրդական բառ ու բանի մեջ խտացված իմաստություններին, առանձնապես ոգևորվողներին հիշեցնում էինք «կատվի խաղը մկան մահն է» բանաձևումն ու, ինչպես տեսնում եք, չսխալվեցինք: Պատասխան խաղում «Չելսիին» մնում էր տապանաքարը դնել ու դրեց: Եթե 2:0-ն ոմանց կարող է առանձնապես տպավորիչ հաշիվ չթվալ, ինձ ուրիշ բան չի մնում ասելու:
Կասկած կար, որ Մադրիդի «Ռեալն» առաջին հանդիպման 6:1 ավերիչ հաշվից հետո մատների արանքով կնայի «Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք հանդիպմանը: Այս կասկածը խորացնողների պակաս չկար նաև ի դեմս զանազան գիտեք ինչերի, ովքեր սնվում են միամիտների գրպանն ու հոգին մտնելով, նրանց ընչազուրկ անելով: Ով հերթական անգամ կերել է մեծ ճանապարհի այդ ավազակների հերթական կուտը, ինչ ասեմ, կուզին գերեզմանը կուղղի: Ախր ինչպե՞ս կարելի է հավատալ այն բանին, որ արքայական ակումբը զիջումների կգնար «Շալկեի» հետ խաղում, երբ, եթե ուրիշ բան էլ չլինի, թիմը խաղալու էր Ռոնալդուի վրա, ով լիգայի այս խաղարկությունում առանձնապես մոտիվացված է մրցակցի դարպասը հնարավորինս շատ գրավելու հարցում: Հարցեր կան, չէ՞, բարեկամներս, որոնք չի կարելի աչքաթող անել: Լավ, «Ռեալին» իր Ռոնալդուով թողնենք մի կողմ: Ի՞նչ եք կարծում, «Շալկեն» է՞ր իրեն ճղելու պատասխան խաղում, երբ ներքին առաջնությունում լուրջ խնդիրներ ունի եռյակում հայտնվելու համար, երբ յուրաքանչյուր միավոր կալորիան անհրաժեշտ է խստագույն արդյունավետությամբ ու նպատակահարմարությամբ ծախսել: Փաստարկների թվարկման հետևից չգնանք, մանավանդ որ խաղը բոլորիս աչքի առաջ էր, 3:1 հաշիվն էլ գերմանական ակումբի հերթական պարտությունը փաստած իրողություն:
Ասում եք` Ռոնալդուի երկու գոլը չնշեցի՞: Հաշվեք, թե ծեր մարդ եմ ու հիշողության հետ կապված խնդիրներ ունեմ: Դրա մասին էլ իմացեք ձեր կողքի մարդկանցից:
Քաղաքականությունը, գիտեք, զորեղ բան է և էական ազդեցություն ունի հասարակական կյանքի վրա, եթե չասենք հիմնարար ազդեցություն: Հիմա կասեք` Ղրի՞մն այստեղ ինչ կապ ունի ֆուտբոլային իրողությունների հետ: Նախ ասեմ, որ ես թերակղզու հիմնախնդրին անդրադառնալու մտադրություն բնավ էլ չունեի, մանավանդ որ ըստ նպատակահարմարության գործածության մեջ դրվող ազգերի ինքնորոշման միջազգային նորմը երես առած լակոտի պես բան է, եթե պապան զորեղ է ու չափից ավելի բարեկիրթ մանչուկ է, երբ… Հասկացաք, չշարունակեմ: Հիմա թե սեփական դաշտում 2:4 հաշվով պարտությունից հետո «Զենիթն» ինչու այդպես առյուծ կտրեց «Դորտմունդի» հետ խաղում, բացատրենք ընդհանուր էյֆորիայով ու նույն այդ գերմանացիների թողտվությամբ, որոնց հավատն էլ չէր գալիս, որ սանկտպետերբուրգցիները կարող են հաղթել 3:0 հաշվով, մանավանդ որ վերջիններիս հավատն էլ չէր գալիս հնարավոր այդ ելքը: Այնպես որ, «Բորուսիա»-«Զենիթ» հանդիպման 1:2 հաշիվը համարենք բարի կամքի դրսևորում պիտերցիների ու պիտերյան կլանի պարագլխի նկատմամբ: Շատ բաներ չեմ մանրամասնում` ակնկալելով ընթերցողի քաղաքական պատրաստվածության մակարդակը: Սակայն զենիթյան ինքնախիզախման թեման մինչև վերջնականապես փակելն ասեմ, որ մշտապես խնամքով սափրած իր գլխով Սպալետին ակումբի համար այլևս անվերադարձ անցյալ է, նրան փոխարինման եկած պորտուգալացի Վիլաշ-Բոյաշն արդեն ամրագրված ներկայություն, թեպետ բնավ էլ մեր խնդիրը չէ նրա ընտրության հարցը քննարկելու նպատակահարմարությունը. մարդիկ փող ունեն, ինչ ուզում անում են, 49 հոգու միջից էլ ընտրություն անելու հնարավորություն… չունեն:
Եվ վերջում «Մանչեստր Յունայթեդ»-«Օլիմպիակոս» հանդիպման մասին: Տնային խաղում 2:0 հաշվով հաղթանակից հետո հույները երևի թե լավագույնի ակնկալիքը կարող էին ունենալ երկու խաղերի արդյունքով, բայց թե մանչեստրյան ակումբի առայժմ ոչնչով իրեն չարդարացնող գլխավորի համար սա նույնքան երևի կնշանակեր մարզչական կարիերայի ավարտ: Շատ չծավալվենք, միայն ասենք, որ Մոյեսը մեռնելուց պրծավ: 3:0-ն «Յունայթեդին» հանեց մեկ քառորդ եզրափակիչ, թեպետ խոշոր հարց է մնում, թե այն այնտեղ անելու ինչ ունի: Չափազանց կատեգորի՞կ եղանք: Հնարավոր է, բայց թիմի անշուք խաղը ուրիշ բան ասելու տեղ չի թողնում, ու հավատացնում եմ, դրանում ո՛չ ես իմ մեղքի բաժինն ունեմ, ո՛չ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը հայկական ֆուտբոլը մղելու է նորանոր խիզախումների:
Հավատացի՞ք:
Եթե այո, շնորհավորում եմ ձեզ:
Ամփոփենք: Մեկ քառորդում հանդես գալու իրավունքը ձեռք բերածներն են Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», Բարսելոնի «Բարսելոնը», «Պարի Սեն Ժերմենը», Լոնդոնի «Չելսին», Մանչեստրի համանուն «Յունայթեդն» ու Դորտմունդի «Բորուսիան»` ֆուտբոլային տարբեր դավանաբանություններ ունեցող ութ ակումբ: Թե նրանցից ո՞ր մեկն ի վերջո գլխավերևում կպահի Չեմպիոնների լիգայի գավաթը, ինտրիգը պահպանելու նկատառումներից ելնելով, թույլ տվեք չասել, բայց որ հենց այս ութի մեջ է գավաթի ապագա տիրակալը, կներեք, այս մասին լռելն առնվազն անտակտություն կլինի սեփական ընթերցողի հանդեպ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ